Ամիսը՝ Մարտի 2017

Բաց դաս ֆրանսերենից

23.03.2017թ. Ֆանտանի միջնակարգ դպրոցում Ֆրանկոֆոնիայի շրջանակում տեղի ունեցավ  բաց դաս ( ուսուցիչ` Ռ. Ալթունյան): Նպատակը` ֆրանսերենի դերը Եվրոպայում և աշխարհում, Ֆրանկոֆոնիայի երկրների կուլտուրայի և քաղաքակրթության յուրահատկությունները արտացոլված Անրի Վեռնոյի «Մայրիկ» ինքնակենսագրական վեպում: Աշակերտները դիտեցին նաև հատված համանուն ֆիլմից:

 

ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների 26-րդ մարզական խաղեր

16․03․2017թ․  Չարենցավանի   թիվ  6  հիմնական   դպրոցում ավագ  և  միջնակարգ  դպրոցների միջև անցկացված բասկետբոլի մրցումներին Ֆանտանի միջնակարգ դպրոցի տղաների թիմը  հաղթեց Ալափարսի և ավագ դպրոցի թիմերին ու անցավ մարզային փուլ:

2017 թվականի մարտի 17-ին  Չարենցավանի   թիվ  5  հիմնական   դպրոցում ավագ  և միջնակարգ դպրոցների միջև անցկացված բասկետբոլի մրցումներին Ֆանտանի միջնակարգ դպրոցի աղջիկների թիմը  հաղթեց ավագ դպրոցի թիմին ու անցավ մարզային փուլ:

Շնորհավորենք նրանց և հաղթանակ մաղթենք նաև մարզային փուլում:

Գարնանային արձակուրդը կմեկնարկի մարտի 20-ից

2017-03-13

Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում մարտի 20-ից  կմեկնարկի գարնանային արձակուրդը։ Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին գարնանային արձակուրդ կտրամադրվի 2017 թվականի մարտի 27-ից մինչև ապրիլի 2-ը ներառյալ: Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը կտևի մարտի 20-ից մինչև ապրիլի 2-ը ներառյալ:

Հիմք` ԿԳՆ

«Հայրենի°ք, ես մի զարկն եմ քո բազկի»

Մարտի 1-ին 3-րդ դասարանի դասվար Լ. Ավետիսյանն անցկացրեց բաց դաս` «Հայրենի՛ք, ես մի զարկն եմ քո բազկի» թեմայի ամփոփում: Դասի նպատակը`

  • աշակերտները կարողանան ամփոփել թեման` բնութագրելով, համեմատելով հերոսներին և վերլուծել նրանց արարքները,
  • հարգեն ՀՀ պետական խորհրդանիշերը,
  • գիտակցեն մայրենի լեզվի, մշակույթի, պատմության և ազգային այլ արժեքների կարևորությունն ու նշանակությունը,
  • լինեն հայրենասեր:

Դասը սկսվեց ՀՀ օրհներգով: Աշակերտները կարողացան բնութագրել, համեմատել հերոսներին, կատարեցին քարտային աշխատանքներ, երգեցին հայրենասիրական երգեր: Գրատախտակին փակցված հերոսների նկարներից  յուրաքանչյուրն ընտրում էր այն հերոսին, որին ցանկանում էր նմանվել և տալիս էր բացատրություն, թե ինչու՞ է ցանկանում նմանվել նրան: Բոլորն ակտիվ մասնակցեցին դասին:  Ներկաները հեռացան մեծ բավականություն ստացած:

Նկարները տե′ս հետևյալ հղումով․

«Հայրենի՛ք, ես մի զարկն եմ քո բազկի»

Պ. Սևակի պատգամները

Մարտի 1-ին Ֆանտանի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանում հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Ա. Գրիգորյանն անկացրեց բաց դաս: Թեման «Պարույր Սևակն» էր, դասի տիպը` ամփոփման: Աշակերտների ակտիվ մասնակցությունն ապացուցում էր, որ նրանք ոչ միայն թեմատիկ նյութն էին յուրացրել, այլև շատ կարդացել էին լրացուցիչ գրականություն բանաստեղծի կյանքի մասին, նրա ստեղծագործություններից: Բազմաբնույթ աշխատանքները (դերային խաղ, քարտային ու բառային աշխատանքներ) դասն ավելի հետաքրքիր դարձրին: Ամենաուշագրավը Սևակի պատգամներն էին, որոնք հրաշալիորեն հասկացել էին աշակերտները.

«Ապրել, ապրել, այնպես ապրել,

Որ սուրբ հողդ երբեք չզգա

Քո ավելորդ ծանրությունը»:

Գարնան բույրերով լեցուն դասարանում մեկ ժամ թևածում էր Սևակի շունչն ու ոգին:

Նկարները տե′ս հետևյալ հղումով․

Պ. Սևակի պատգամները

Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր

Մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: Այդ կապակցությամբ մարտի 1-ին Ֆանտանի միջնակարգ դպրոցում ռազմագիտության ուսուցիչ Գ. Աբրահամյանն անցկացրեց աշակերտների և ուսուցիչների տարհանում, ուսումնավարժություններ, բաց դաս: Թե՛ ուսուցիչները, և թե՛ աշակերտները հասկացան` ինչպես կանխել վթարներն ու դժբախտ դեպքերը կենցաղում և ինչպես վարվել վթարի դեպքում: Գլխավորը կանխարգելումն է ու պատրաստվածության ապահովումը, իսկ հետո արդեն` պաշտպանությունը, եթե վթարն այնուամենայնիվ տեղի է ունեցել:

Նկարները տե′ս հետևյալ հղումով․

 Քաղպաշտպանության օր