Տարակարգ ստացած ուսուցիչներ

 Գայանե Ռազմիկի Կոստանդյան

           Ինֆորմատիկայի ուսուցիչ

Գայանե Կոստանդյանը ծնվել է 1965 թվականի մարտի 8-ին Թումանյանի շրջանի Օձուն գյուղում: Միջնակարգ կրթությունը ստացել է Ալավերդու №12 միջնակարգ դպրոցում: 1983-1988թթ. սովորել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում` «Էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ» մասնագիտությամբ: Նույն ինստիտուտում հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում ձեռք է բերել նաև լրագրողի և ֆոտոթղթակցի  մասնագիտություն: 1994-2004թթ. աշխատել է Չարենցավանի թիվ 6 միջնակարգ դպրոցում` որպես ինֆորմատիկայի ուսուցիչ: 2007 թվականից մինչ օրս նույն մասնագիտությամբ աշխատում է Կոտայքի մարզի Ֆանտանի միջնակարգ դպրոցում: Ունի 20 տարվա մանկավարժական ստաժ: 2003-2009թթ. բարեգործական հիմունքներով վարել է համակարգչային դասընթացներ «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակում, իսկ 2009-2013թթ. ` «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ում:  Նա 2015թ-ից մինչև օրս  «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի կամավոր է, նպաստում է հայերեն Վիքիպեդիայի բարելավման աշխատանքներին:

Գայանե Կոստանդյանը 2006թ. մասնակցել է «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի «Ուսուցիչների մասնագիտական կատարելագործում» ենթածրագրի շրջանակներում նոր կրթակարգի, առարկայական չափորոշչի, ծրագրի և ուսուցման նոր մեթոդների ուղղությամբ ինֆորմատիկայի ուսուցիչներ վերապատրաստողների դասընթացներին և 2006-2007թթ. անցկացրել է «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի «Ուսուցիչների մասնագիտական կատարելագործում» ենթածրագրի շրջանակներում ինֆորմատիկայի ուսուցիչների հնգօրյա և եռօրյա վերապատրաստման դասընթացներ Կոտայքի մարզում և Երևան քաղաքում:  2010թ. ԿՏԱԿ-ի տնօրեն Ա. Գրիգորյանի կողմից պարգևատրվել է պատվոգրով «Դպրոցում ինֆորմատիկա առարկայի դասավանդման արդյունավետությանը նպաստող միջոցներ» առցանց երկրորդ համաժողովին ակտիվ և արդյունավետ մասնակցելու համար: Գայանե Կոստանդյանը մասնակցել է առկա և հեռավար բազմաթիվ մասնագիտական դասընթացների:  2016թ. ԿՏԱԿ-ի «Հեռավար ուսուցում» համակարգում վարել է «Ինտերակտիվ ուսուցում էլեկտրոնային գրատախտակի միջոցով» թեմայով հեռավար դասընթաց, ինչպես նաև «Հայկական կրթական միջավայր» ֆորումում ստեղծել և ուսուցիչների համար «Մասնագետի անկյունում» վարել է «Վիքիպեդիայում հոդված ստեղծելը», «Հանրակրթական դպրոց»-ում` «Օրվա դասի պլանների արդյունավետությունը դասապրոցեսում»  և «Ի՞նչ են տալիս թեստային աշխատանքները աշակերտներին» թեմաներով դասընթացներ: «Հայկական կրթական միջավայրի» «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրել է ուսումնամեթոդական էլեկտրոնային նյութեր ինֆորմատիկա առարկայի դասավանդման վերաբերյալ (հոդված, դասի պլան, ցուցադրումներ և այլն), «Մանկավարժություն»  ամսագրում («Մանկավարժություն», 2, 2013թ.) հրատարակել է հոդված «Էլեկտրոնային գրատախտակի դերն ուսուցման գործընթացում» վերնագրով, ինչպես նաև  «Ուսուցում վավերագրական ֆիլմերի միջոցով» վերնագրով հոդվածը  «Մանկավարժական միտք» ամսագրի 2016թ.  3,4 համարում:

Գայանե Կոստանդյանը 2012թ. պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում 200 հազար դրամի չափով: 2014թ. հաղթել է «Խոսենք ֆիլմերի մասին Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում անցկացված «Լավագույն դասապլան» մրցույթում (դասղեկի ժամ) և շահել արտապատկերիչ (պրոյեկտոր):  2013թ. մասնակցել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Մեդիագրագիտություն առարկայի վերապատրաստման դասընթացին, իսկ 2016թ. մեդիակրթության կենտրոնի տնօրենի կողմից արժանացել է պատվոգրի` «Ապահով Համացանց 2016» ծրագրի մրցույթում լավագույն արդյունք ցուցաբերելու համար:  2017թ․ «Ապահով Համացանց» ծրագրի տնօրեն տնօրեն Հայկազ Բաղյանի կողմից արժանացել է պատվոգրի` «Ապահով համացանց» մրցույթում լավագույն արդյունք ցուցաբերելու համար։

Գայանե Կոստանդյանը 2017թ․ Կոտայքի մարզում ճանաչվել է «Լավագույն ուսուցիչ»։  Նույն թվականի հոկտեմբերին մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած ավանդի և «Ավանդույթները և նորարարությունը մանկավարժության մեջ» անվանակարգում («Լավագույն ուսուցիչ» մրցույթ) հաղթող ճանաչվելու կապակցությամբ խրախուսվել է ՀՀ ԿԳՆ նախարար Լ․ Մկրտչյանի կողմից և խրախուսվել շնորհակալագրով, ստացել մրցանակ համակարգիչ։

Գայանե Կոստանդյանը 2013 թվականին ԿԳ նախարարության կողմից ստացել է հանրակարթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման ԱՌԱՋԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՏԱՐԱԿԱՐԳ, իսկ 2017 թվականի փետրվարի 22-ի  որոշմամբ`  որակավորման ԵՐԿՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՏԱՐԱԿԱՐԳ: